ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Կլոր սեղան-քննարկում` նվիրված մանկական ուռուցքաբանության խնդիրներին

Կլոր սեղան-քննարկում` նվիրված մանկական ուռուցքաբանության խնդիրներին
16.02.2015 | 16:23

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունում անցկացվեց կլոր սեղան- քննարկում մանկական ուռուցքաբանության ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշեց, որ նախարարությունը գործընկեր կառույցների հետ մանկական քաղցկեղի դեմ պայքարին ուղղված լայնածավալ ծրագրեր է իրականացնում:
«2001 թվականին Լյուքսեմբուրգում «Քաղցկեղով երեխաների ծնողների միության» (ICCCPO) կողմից հռչակվեց մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Կազմակերպության առաքելությունն է բարելավել քաղցկեղով հիվանդ երեխաների նկատմամբ հոգացությունը և բուժման մատչելիությունն ամբողջ աշխարհում: Հայաստանը միությանը անդամակցում է 2003 թվականից»,-ասաց Կարինե Սարիբեկյանը` հավելելով, որ մանկական քաղցկեղի դեմ պայքարի այս տարվա կարգախոսն է` «Գործենք հիմա քաղցկեղով հիվանդ երեխաների համար»:
Նա նշեց, որ մեր հանրապետությունում երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը` լեյկեմիան, որը կազմում է չարորակ ուռուցքների մոտ 30-40 տոկոսը: Տարածվածությամբ երկրորդ տեղում ավշային հանգույցների չարորակ ուռուցքներն են, երրորդ տեղում` գլխուղեղի ուռուցքը:
ՀՀ ԱՆ աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետը մանկական քաղցկեղի դեմ պայքարի գործում կարևորեց «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի առաքելությունը, որ 2011թ. սկսած քաղցկեղով հիվանդ երեխաներին հսկայական աջակցություն է ցուցաբերում: Նա շեշտեց, որ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ղեկավարությամբ գործող հիմնադրամն իր հոգացության տակ է առել քաղցկեղով երեխաների բուժման համար անհրաժեշտ թանկարժեք դեղորայքի ձեռքբերման և կեցության բարելավման հարցերը, ինչը մանկական ուռուցքաբաններին հնարավորություն է տալիս կիրառել բուժման ժամանակակից մեթոդներ սխեմաներ:
«Այս երեխաներին օգնությունն աստվածահաճո, մարդասիրական և կարևոր գործ է»,- շեշտեց Կարինե Սարիբեկյանը:
2011թ. սկսած «Նվիրիր կյանք» հիմնադրամի միջոցով բուժում է ստացել 452 երեխա, որի նպատակով ծախսվել է 859մլն դրամ: Հիմնադրամն ամսական շուրջ 70 հազար դոլար, իսկ տարեկան 1 մլն դոլար է ուղղում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:
Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների մոտ 65 տոկոսը լիակատար բուժվում է: Զարգացած երկրներում այդ ցուցանիշը հասցվել է 75 տոկոսի:
«Այս ցուցանիշը 15 տարվա տքնաջան աշխատանքի արդյունք է: 15 տարի առաջ առողջացման ցուցանիշն ընդամենը 5 տոկոս էր»,-ասաց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ օնկոլոգիայի ամբիոնի վարիչ Սամվել Դանիելյանը:
«Հիվանդացության նվազումից բացի, մոտ 18 տոկոսով կրճատվել է մահացության ցուցանիշը: Տարիներ առաջ խիստ արդիական էր դեղորայքի հայթայթման խնդիրը, որը չէր ներմուծվում Հայաստան: Այսօր իրավիճակը փոխվել է: Ժամանակակից դեղերը հիմնականում Հայաստանում կա: Խնդիրն այն է, որ ոչ բոլոր դեղերն է հնարավոր լինում ապահովել պետպատվերի շրջանակում: Անգամ ԱՄՆ-ի, Գերմանիայի նման զարգացած երկրներում ծախսերը ծածկելու խնդիրներ են առաջ գալիս, քանի որ բժշկության զարգացմանը զուգընթաց այն մեծանում է: Նոր ծրագրերը նոր ծախսեր են պահանջում, որոնք հոգալու հարցում պետությանն օգնության ձեռք է մեկնում «Նվիրիր կյանք» հիմնադրամը»,- ասաց «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» մանկական և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը:
ՀՀ ԱՆ գլխավոր քիմիաթերապևտ Հայկուհի Գյոքչյանը և «Արյունաբանության ազգային կենտրոնի» մանկական բաժանմունքի վարիչ Լալա Վաղարշակյանը ևս խոսեցին «Նվիրիր կյանք» հիմնադրամի ցուցաբերած անգնահատելի օգնության մասին: Նրանք հավաստիացրին, որ հիմնադրամի աշխատանքի շնորհիվ վերջին հինգ տարում մեր երկրում չի եղել որևէ դեպք, որ հիվանդի սոցիալական վիճակից ելնելով տուժի նրա բուժման որակը:
Մասնագետները նշեցին, որ մանկական քաղցկեղի առաջացման պատճառները բազմաթիվ ենˋ քաղցկեղածին նյութեր սննդում և օդում, ծնողների վնասակար սովորությունները, ինչպիսիք են` ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը, մոր մոտ նույնիսկ մինչ հղիությունն առողջական խնդիրները: Մեծահասակների մոտ հաճախ հանդիպող քաղցկեղի տեսակները երեխաների մոտ գրեթե չեն լինում: Բուժումն առավել արդյունավետ է, երբ հիվանդությունը հայտնաբերվում է սկզբնական փուլում: Մասնագետների գնահատմամբˋ ծնողների կողմից ուշացումներ չեն լինում, սակայն պարտադիր պայման է նաև հատկապես առողջության պահպանման առաջնային օղակի բուժաշխատողերի զգոնությունը:
Վիճակագրական տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում և Հայաստանում նկատվում է չարորակ նորագոյացությունների ամենամյա աճˋ մասնավորապես մեծահասակների շրջանում: Աշխարհում 200 հազար երեխա ամեն տարի հիվանդանում է քաղցկեղով, և ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից: 2013 թվականին Հայաստանում գրանցվել քաղցկեղի 7911 նոր դեպք, որից 59-ըˋ 0-17 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում: Մեր երկրում 2007 թվականի համեմատ երեխաների շրջանում չարորակ նորագոյացությունների տարածվածությունը նվազում է: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ տղաներն ավելի շատ են հիվանդանում քաղցկեղով, քան աղջիկները:
Ոլորտի առաջատար ներկայացուցիչները պատասխանեցին լրագրողների հարցերին: Կարևորվեց նաև թեմայի գրագետ լուսաբանումը:

Դիտվել է՝ 1988

Մեկնաբանություններ